Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ կարճ ժամանակամիջոցում աշխարհի բազմաթիվ պետությունների, այդ թվում նաև Արցախի Հանրապետության ամենաարագ զարգացող ճյուղերից է դարձել` նպաստելով  տնտեսության աճին, մրցունակության, արտադրողականության և երկրի վարկանիշի բարձրացմանը:

     Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար, և այն մեր հանրապետությունում ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար։

     Արցախի Հանրապետության ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով ԱՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 30-ի N 859-Ն որոշման համաձայն հիմնվեց «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը, իսկ 2015թ. ապրիլի 9-ին Ստեփանակերտում պաշտոնապես բացվեց Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը:

     Կենտրոնը հիմնել է ԱՀ կառավարությունը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ: Նպատակն է` նպաստել և աջակցել ԱՀ տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով ու սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բարձրակարգ մասնագետներին կապահովեն աշխատանքով և տարածաշրջանում կպատրաստեն մրցունակ աշխատուժ:

     Կենտրոնի ռազմավարական նպատակներն են`

  • մրցունակ աշխատուժի պատրաստում,
  • նորարարությունը խթանող գործարար միջավայրի ձևավորում,
  • օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման արդյունավետ մեխանիզմների մշակում,
  • գործարար բարենպաստ միջավայրի ստեղծում՝ վերազգային կազմակերպություններին Արցախի ուղղությամբ գրավելու նպատակով:

Արցախի ՏՏ կենտրոնի հիմնական գործառույթներն են.

  • Արցախի համար գլոբալ և առևտրային ներուժ ունեցող նորարարական գաղափարների բացահայտումը,
  • ԱՄՆ-ի, Եվրոպայի և համաշխարհային այլ տեխնոլոգիաների փոխանցումը դեպի Արցախ` նոր համատեղ ձեռնարկությունների հիմնադրման նպատակով,
  • Արցախի ձեռներեցների վերապատրաստումը տեխնոլոգիական ոլորտներում միջազգային մակարդակի բիզնես ծավալելու համար,
  • տեխնոլոգիաների առևտրայնացման կենտրոնների հիմնումը հիմնական ոլորտների համար՝ ճարտարագիտություն, արտադրություն և այլն,
  • կապերի հաստատումը միջազգային կապիտալի և գիտելիքի ցանցերի հետ,
  • բիզնեսում ներգրավվելու համաձայնությունների ձեռքբերումը արտասահմանյան ընկերությունների և կենտրոնի անդամների միջև, որոնք ապագայում կարող են դառնալ միջազգային բիզնեսի և տեխնոլոգիաների փոխանակման պայմանագրեր,
  • տեխնոլոգիաների առևտրայնացման մեթոդաբանության և ձեռներեցության հմտությունների մասին գիտելիքի փոխանցումը տեղական ձեռներեցներին ու գործընկերներին՝ տարածաշրջանում ծրագրի ավարտից հետո կայունություն ապահովելու նպատակով:

     ՏՏ ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի զարգացման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները հաղթահարելով` Արցախի ՏՏ կենտրոնը փորձում է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր տեխնոլոգիական ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը տեխնոլոգիական ոլորտում, հաստատել նոր գործարար կապեր, խթանել նորարարությունների կիրառումը տնտեսության այլ ճյուղերում` բարձրացնելով դրանց մրցունակությունն ու արտադրողականությունը:

      ՏՏ կենտրոնը այսօր համագործակցում է Արցախում գործող բոլոր համալսարանների հետ:

     2015 թվականի սեպտեմբերի 2-ին՝  ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության արդյունքում Թումո ծրագիրը հասանելի դարձավ Արցախի պատանիների համար։

     Ստեփանակերտի կենտրոնը ունի 1000 ուսանող հյուրընկալելու հնարավորություն։ ԱՀ մայրաքաղաքում ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցության արդյունքում:

     Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը յուրատեսակ կրթական կենտրոն է 12-18 տարեկան բոլոր երեխաների համար ովքեր մեծ հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ:

     Թումո կենտրոնում ընդգրկված են այն ոլորտները, որոնք գրավիչ են և հեռանկարային.

  • թվային մեդիա
  • խաղերի ստեղծում
  • անիմացիա
  • կայքերի մշակում

     Կրթական ոլորտների հետ մեկտեղ ուսանողները նաև ծանոթանում են 21-րդ դարի զանազան հմտությունների, ինչպիսիք են 3D մոդելավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն։

     Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նպատակն է ընձեռել հայ երեխաներին լավագույն հնարավորությունները ակտիվ և հետաքրքիր ուսումնառու-թյան համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսևորմանը:

     Կենտրոնը անվճար է և մուտքն ազատ՝ 12-18 տարեկան բոլոր հետաքրքրված պատանիների համար:

     Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների «Սիներջի Ինթերնեշնլ Սիսթըմզ» ընկերության Երևանյան մասնաճյուղի Ստեփանակերտի բաժանմունքը, որը տեղակայված է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնաշենքում:

     «Սիներջի Ինթերնեշնլ Սիսթըմզ» ընկերությունը, որը  ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 50 երկրներում, առաջարկում է ամբողջական ծրագրային փաթեթներ և  ծառայություններ՝ ուղղված հանրային և մասնավոր սեկտորի կազմակերպությունների տեղեկատվության հավաքագրմանն ու տարածմանը։

     Աստիճանաբար մեծանում է ընկերության աշխատանքներում ներգրավված խմբերի թիվը: Ընկերության ճանաչված մասնագետներն արդեն բարձր գնահատական են տվել Կենտրոնի երիտասարդ մասնագետների պատրաստվածությանն ու նրանց են վստահում տեխնոլոգիական շղթայի առավել բարդ օղակներ:

     2019թ. տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Միջոցառման մասնակիցների թիվը՝ նախնական տվյալներով, հասնելու է 3000-ի, հրավիրվելու են շուրջ 100 երկրների ՏՏ ոլորտը ներկայացնող աշխարհահռչակ կազմակերպություններ, ՏՀՏ ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ և բիզնես առաջատարներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: