Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը: Խնդիրները առկա են Արցախի Հանրապետության կառավարության առաջնահերթ բարեփոխումների օրակարգում: Գործարար միջավայրի բարելավումը, ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին աջակցությունը ԱՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է և ամրագրված է ԱՀ կառավարության գործունեության ծրագրում` նպատակ ունենալով հետևողական գործողություններ իրականացնել գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և պետական անհարկի միջամտությունները բացառելու ուղղությամբ: Նոր տնտեսաիրավական հարաբերությունների կառուցումը պետք է ծառայի պետության նկատմամբ գործարար շրջանակների վստահության ամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքերի ներգրավման երաշխիք:
Այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ԱՀ կառավարության կողմից ընդունվել են գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրեր (ԼՂՀ կառավարության 2008թ. թիվ 788, 2011թ. թիվ 134-Ն, 2014թ. թիվ 50-Ն որոշումները), որոնցում առանցքային շեշտադրումն արված է գործարարության կազմակերպման դյուրացման և վարչարարական խոչընդոտների վերացման, տնտեսվարողների իրազեկվածության բարձրացման, նրանց մատուցվող ծառայությունների համար պահանջվող ծախսերի և ժամկետների կրճատման, տնտեսական գործունեության թույլատրական համակարգի պարզեցման և տեսչական համակարգի օպտիմալացման, ռիսկերի վրա հիմնված ստուգման մեխանիզմների ընդլայման, ստուգման գործընթացների թափանցիկության բարձրացման վրա:
ԱՀ-ում ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է` 1995 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ԼՂՀ օրենքը, ինչպես նաև տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրույթները: Արցախի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված կլինի ներդրումների ներգրավման տեսանկյունից երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը և ներդրումների խրախուսմանը: Ներդրումային նպատակաուղղված քաղաքականությամբ և նրա արդյունավետ իրականացմամբ է մեծապես պայմանավորված երկրի արդյունաբերական և գիտատեխնիկական զարգացման հետագա ընթացքը: Իրականացվող ներդրումների աճի ապահովումը կլուծի մի շարք կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, նոր տեխնոլոգիաների ներգրավումը, նոր շուկաների բացահայտումը, նրանց հասանելիությունը, այդ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները և այլն:
Արցախի Հանրապետությունում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության գործարար և ներդրումային միջավայրի բաժինը, հեռ` (+374 47) 94-29-53, էլ. փոստ investment@armei.am