ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ գործընկեր կառույցի ղեկավար կազմի հետ

Սեպտեմբերի 17, 2020

 ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ս. թ. սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են երկու հանրապետությունների բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, փոստային կապի օպերատորների միջև փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, առցանց կրթական դասընթացներում Արցախից մասնակիցների ներգրավվածությանն ուղղված հարցեր:  

 

Նախարար Հակոբ Արշակյանը ողջունելով Արցախի իր գործընկերներին, համոզմունք է հայտնել, որ նմանօրինակ այցերը և քննարկումները նպաստում են համատեղ աշխատանքների արդյունավետության խորացմանը: Որպես արդյունք, ՀՀ ԲՏԱ նախարարը ընդգծել է ԱՀ֊ի և ՀՀ֊ի միջև բջջային կապի սակագների ավելի քան 50 տոկոսով իջեցումը, որը բացի սոցիալական ազդեցությունից, զգալիորեն անդրադարձել է հաղորդակցության ծավալի և որակի վրա:

 

 

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ նման ձևաչափով հանդիպումները ընդգծում են գործընկեր կառույցների սերտ կապերի կարևորությունը և ամրապնդում  համագործակցության հետագա խորացումը: