Նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը

Հուլիսի 29, 2020

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության ու «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» համատեղ համագործակցության շրջանակներում հուլիսի 29-ին կայացել է հանդիպում Ասոցիացիայի պատվիրակության հետ՝ նախագահ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ, որին ներկա էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության, ԱՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատասխանատուները:

Պատվիրակության անդամները ներկայացրել են ՀՀ-ում Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը և քննարկվել են ԱՀ-ում հնարավոր համագործակցությանն ուղղված քայլերը:

 

Մասնավորապես, պատվիրակության անդամները ներկայացրել են Ֆերմաօնլայն (FERMA ONLINE) բջջային հավելվածը: Էլեկտրոնային այդ հարթակը թույլ է տալիս միավորել շղթայի մաս կազմող շահագրգիռ բոլոր մասնակիցներին՝ անասնապահներին, սպանդանոցներին, կերարտադրողներին, անասնաբույծներին և սպառողներին, միաժամանակ հնարավորություն տալով պետական պատկան մարմիններին իրենց գործունեության շրջանակներում ապահովել հսկողության մեխանիզմներ:

 

Վերջում շահագրգիռ կողմերի միջև կատարվել է մտքերի փոխանակում, իսկ օրվա ընթացքում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ԱՀ Նախագահի և մասնագիտական քննարկումներ՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ: