ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 13, 2020

Ս.թ. հունիսի 12-ին լրատվամիջոցներով տարածվեց ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր «Արդարություն» խմբակցության անդամ Դավիթ Գալստյանի հայտարարությունն առ այն, որ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը ս.թ. հունիսի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2019թ. բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկման ժամանակ խուսափել է պատասխանել իր կողմից տրված հարցադրմանը։ Պետք է փաստենք, որ նախարար Գրիգորյանը չի խուսափել հարցադրմանը պատասխանելուց, այլ Ազգային Ժողովի տվյալ նիստի նախագահողը՝ հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքը և այն հանգամանքը, որ հարցադրումն առնչություն չունի օրակարգի հետ՝ հանել է հարցն որպես այդպիսին և հորդորել պատգամավորներին հարցերը զեկուցողներին ուղղել օրակարգի շրջանակներում:

 

Ամեն դեպքում նախարարը արձագանքել է պատգամավոր Գալստյանին, հաստատել, որ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն մուտք է գործել «Արդարություն» խմբակցության գրավոր հարցադրումը և հայտնել սահմանված ժամկետում պատասխանելու պարտավորությունը։

 

Հայտնում ենք նաև, որ նախարար Գրիգորյանը իր պաշտոնավարման ողջ ընթացքում երբեք չի խուսափել որևէ պատգամավորի որևէ հարցադրմանը պատասխանելուց և հորդորում ենք զգուշավոր լինել նման հայտարարություններում և չապակողմնորոշել հանրությանը: