Շահումյանի շրջանի կաթնամթերքի արտադրության և արդյունաբերական վերամշակման ներուժի հաշվարկ

Դեկտեմբերի 26, 2019

Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Վիվատ Քոնսալթինգ» ընկերության վերլուծականի շնորհանդեսը: Նախարարության պատվերով հայաստանյան այս ընկերությունը իրականացրել է Շահումյանի շրջանի կաթնամթերքի արտադրության և արդյունաբերական վերամշակման ներուժի հաշվարկ: Վերլուծականի շնորհանդեսին ներկա էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ Կարեն Ներսիսյանը, ներդրումային հիմնադրամի տնօրեն Քաջիկ Խաչատրյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և շահագրգիռ մարմինների այլ պատասխանատուներ:               

 Ուսումնասիրության նպատակն է բացահայտել շրջանում կաթնամթերքի արտադրության ներուժը, վերլուծել և առաջարկել կաթնամթերքի արտադրության և արդյունաբերական վերամշակման կազմակերպման հնարավոր օպտիմալ եղանակները, որոնք կարող են հիմք հանդիսանալ՝ շրջանում կաթնամթերքի և մսամթերքի արդյունաբերական վերամշակմամբ զբաղվելու համար:                                                                                                 

Շնորհանդեսին ներկայացվել է կատարված աշխատանքը և ուսումնասիրության ողջ մեթոդաբանությունը: Վերլուծության արդյունքների հիման վրա ձևավորվել են շահավետ բիզնես առաջարկներ՝ հավանական ներդրումների համար:                                                                                                                                                                                            Նախարար Լևոն Գրիգորյանը հավելել է, որ նմանօրինակ ծրագրերը կունենան շարունակական բնույթ՝ Արցախի մյուս շրջանների համար: Վերջում շահագրգիռ կողմերի միջև կատարվել է մտքերի փոխանակում: