Իրազեկում-հանդիպում Մարտունու շրջանի տնտեսվարող սուբյեկտների հետ

Դեկտեմբերի 6, 2018

Ս. թ. դեկտեմբերի 6-ին Մարտունի քաղաքում տեղի է ունեցել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ իրազեկում-հանդիպում Մարտունու շրջանի տնտեսվարող սուբյեկտների հետ՝ ոչ պարենային ապրանքների (արտադրանքի ծառայություն) բնագավառում արձանագրված խախտումների վերացման և հասարակությանը այդ խախտումներից զերծ պահելու նպատակով:«Միջոցառման հիմնական նպատակը շուկայահանված ոչ պարենային ապրանքների բնութագրերի ամբողջության համապատասխանեցումն է գործող օրենսդրության պահանջներին: Ոչ պարենային ապրանքները վաճառքի փուլում գտնվելուց պետք է ուղեկցող փաստաթղթերում ունենան համապատասխանության սերտիֆիկատներ և պետք է բավարարեն մակնշման պահանջները: Սերտիֆիկացման առկայությունը փաստում է, որ ոչ պարենային արտադրանքը անցել է համապատասխան տեխնիկական հսկողություն և համապատասխանում է  տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,-հանդիպմանը ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Գագիկ  Նարիմանյանը:

Գ. Նարիմանյանը տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնելով տեսչության կողմից պարբերաբար կատարվող դիտարկումների արդյունքները հայտնեց, որ արձանագրված հիմնական խախտումները պայմանավորված են սերտիֆիկատների բացակայության, մակնշման պահանջների բացակայության կամ թերի մակնշման հետ: Նա նաև հայտնեց, որ բավականին հաճախակի են հանդիպվում վաճառքի հանված ժամկետնանց ապրանքներ, որոնք տեղում տեսչության կողմից վերացվում են:

Հանդիպմանը տնտեսվարող սուբյեկտները հանդես են եկել առաջարկներով և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: