Քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստան-Արցախ գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր

Նոյեմբերի 21, 2018
Ս.թ. նոյեմբերի 20-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանին և նախարարության տրանսպորտի վարչության պետ Արայիկ Պողոսյանին։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկու հայկական պետությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի մի շարք դրույթներին, գործակցության շրջանակներն ընդլայնելու գործնական քայլերին։
 
Քննարկվեցին միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, տաքսի ծառայություններին, մեքենաների տեխզննությանը, ավտոկայանների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
 
Արմեն Փամբուխչյանը  արցախցի գործընկերներին ներկայացրեց նաև փոխադրումների ոլորտում Հայաստանի վերջին շրջանի փորձը, մանրամասնեց միասնական երթուղային ցանցի, միասնական օպերատորի ծրագրի ներդրման հետ կապված մի շարք հարցեր։ Քննարկվեց դրանք Արցախում ևս կիրառելու հնարավորությունները։